2015թ.-ը հագեցած տարի էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համար:
Նվագախումբը ակտիվ համերգային գործունեություն է ծավալել ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս։
Անցնող տարում նվագախումբն ունեցել է մոտ 60-ից ավելի համերգներ, կազմակերպել և անցկացրել է երկու փառատոն՝ Հայ կոմպոզիտորական արվեստի 6-րդ, ինչպես նաև՝ Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնները։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ որպես պաշտոնական նվագախումբ, երկրորդ տարին անընդմեջ հանդես է եկել Ալ Բուստան միջազգային փառատոնում։ Որպես պաշտոնական նվագախումբ հանդես է եկել նաև Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում։
Երիտասարդական նվագախմբի ելույթները 2015 թվականին անցել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդով։ Ցեղասպանության զոհերի ոգեկոչման ելույթներ եղան և՜ Հայաստանում, և՜ արտասահմանյան հեղինակավոր բեմերում։ Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, գործուն մասնակցություն ունեցավ 24/04 համաշխարհային նվագախմբի կազմավորման, ապրիլքսանչորսյան համերգի կազմակերպման հարցում։
Տպավորիչ են նվագախմբի արտասահմանյան ելույթները։ Երիտասարդականը ՅՈՒՆԵՍԿՕ-ում՝ Ségur սրահում, ներկայացրել է «Երիտասարդությունը՝ հանուն խաղաղության» խորագրով համերգային ծրագիրը։
Կանն քաղաքի Debussy համերգասրահում MIDEM փառատոնի շրջանակներում Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը։
Սեպտեմբերին ելույթներ են տեղի ունեցել Ավստրիայի հեղինակավոր բեմերում՝ Լինցի «Բրուքներֆեստ» միջազգային փառատոնի շրջանակներում և Վիեննայի «Մյուզիքֆերեյնում»՝ ներկայացնելով կոմպոզիտոր Վիգ Զարթմանի «Վերածննդի արմատներ» նախագիծը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։